Ցեղասպանության կազմակերպումը
Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը: 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։
1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին:
Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են: Նյու Յորք Թայմս, Դեկտեմբերի 15, 1915
Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց ջիհադ, որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ Թուրքիան դիմեց Ռուսական կայսրության մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ Գերմանիան՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական Հարավային Կովկասում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը[: Այս մերժումից կատաղած «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր Կովկասում, Թուրքահայաստանում և Պարսկաստանում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված 1878 թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։ Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ Վանի հեռագրագծի դիվերսիան և 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբներին Բիթլիսի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քրդերի շրջանում դեռ քիչ հաջողություններ ուներ:
Թուրքիայի կողմից Պարսկաստանի և ռուսական Հարավային Կովկասի մի քանի տարածքների գրավումից հետո մի քանի հազար մուսուլման կամավորների միացումը օսմանյան զորքերին պատճառ հանդիսացավ ռուսական սահմաններից որոշ թվով ռուսական մուսուլմանների տարհանման։ Նմանատիպ քաղաքականություն տարվեց նաև Թուրքիայի հայերի նկատմամբ։ Այս քայլերը վկայում են, որ զինվորականների և արևելյան Անատոլիայի ոչ կանոնավոր զինված միավորումների համար սա արդեն «կանոնավոր խաղ» էր, նրանք չէին տատանվում դաժան միջոցներ կիրառել ցանկացած միջադեպ զսպելու համար։ Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից։
Հայերի ինքնապաշտշանական մարտերը
Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը
Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև Ուրֆայում և Մուշում և մի քանի այլ վայրերում։
Հայոց ցեղասպանության ճանաչումը
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
 |
Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում:
– 1915 թվականի մայիսի 25: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր
|
 |
Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղիղ ժառանգներից և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին: Հիգեր Գրեթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։
«Նեմեսիս» գործողությունը
1919 թվականին Բոստոնում Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից երիտթուրքերի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսի անվանումը։ Դավադիրների հիմնական մասը ցեղասպանությունից փրկված հայեր էին՝ լի վճռականությամբ վրեժ լուծել իրենց սպանված ընտանիքների համար։
Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Թեհլերյանի ձերբակալումից հետո հասարակական կարծիքը նրա դեմ էր, բայց դատական գործընթացի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները փոխեցին հասարակության տրամադրվածությունը։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։
Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով:
Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը (ճարտարապետ` Արթուր Թարխանյան, (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)) խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։ Քիչ այն կողմ «Վերածնվող Հայաստան» հուշակոթողն է, որը խորհրդանշում է խոտի նման ծլարձակող հայ ժողովրդի երկու հատվածները։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց Սգո պատը, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները։
1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան հասարակական-քաղաքական գործիչները եղևնիներ են տնկում ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։