Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում]։
- 1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
- 1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
- 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
- 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:
- 1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
- 1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին:
- 1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
- 1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում:
- 1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
- 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։
- 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
- 1920 թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
- 1920 թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
- 1920 թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
- 1920 թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
- 1920 թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանիկառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։
- 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը:
- 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայիկողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
- 1920 թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։
*1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։
- 1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։
- 1920 թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանըխորհրդայնացնելու մասին։
- 1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։
- 1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։
- 1920 թ. նոյեմբերի 23-ին Համազասպ (Համո) Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։
- 1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀկառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։
- 1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
- 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին:
- 1920 թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921 թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը: Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։
1921 թվական րի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան: Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
- 1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։
Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ.
1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական – քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։
Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։
ՀՀ պաշտոնական մամուլ
ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք – հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։





