Արշակ Բ- ն Հայոց Արշակունի թագավոր է 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։
350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ- հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309- 379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին ՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։
Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը ՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին ՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։
Մեկ այլ վարկածի համաձայն ՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։
Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի ՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր ՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր ՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից ՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ ՝ փորձելով սիրաշահել նրա հորը ՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։